2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼԻՍ ՀԱՃԱԽ ԵՄ ԱՂՈԹՈՒՄ»

«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼԻՍ ՀԱՃԱԽ ԵՄ ԱՂՈԹՈՒՄ»
05.04.2011 | 00:00

ԶԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ նկարչական ինքնատիպ աշխարհը երկու եզերք ունի` սեփական «ես»-ի համառ փնտրտուքն ու մանրանկարչական գանձերի յուրովի մեկնաբանումը, և ոչ անհաջող։
-Զարա, բավական «հանդուգն» ոլորտ ես մտել. ինչպե՞ս եղավ, ի՞նչ եղավ։
-Ցանկանում էի հանապազօր հացս վաստակել նկարչությամբ և միտք հղացավ մանրանկարներով զբաղվել և իրականացնել այն ամենաբարձր մակարդակով։ Մտածեցի, որ ժամանակին ոսկեղենիկ վարպետները մանրանկարչությամբ զբաղվել են` թողնելով աննախադեպ ժառանգություն, որը, ցավոք, հասանելի չէ շատերին։ Չէ՞ որ զբոսաշրջիկը յուրաքանչյուր երկրից տանում է ամենաբնորոշն ու աննախադեպը։ Մեզ մոտ զբոսաշրջային հետաքրքրության առարկա են խաչքարերի և տաճարների մանրակերտները, ժողարվեստի առանձին նմուշներ և, իհարկե, մանրանկարչությունը, որ հաճախ հայտնություն է շատերի համար։ Փորձեցի իմ մոտեցմամբ նորատիպ մանրանկարներ ստեղծել։
-Գուցե կնոջ նախասկիզբն է թելադրել նման քայլ։ Բնագավառը որքան խորհրդավոր, նույնքան էլ պատասխանատու է։ Եվ հիշեցնում է անկախության տարիներին սկսված եկեղեցաշինությունը։ Սա բավականին համարձակ, ինչ-որ տեղ էլ արկածախնդրական քայլ է` միջնադարյան ճարտարապետական հրաշալիքներից հետո փորձել եկեղեցի և տաճար կառուցել։
-Իհարկե։ Բայց խոսքն ամենևին չի վերաբերում կատարելության կրկնությանը։ Պարզապես գալիս է ժամանակ, երբ փորձում ես յուրովի վերարժեքավորել անցյալի անմահ ժառանգությունը։
Ես պաշտում եմ Միքելանջելոյին, Վերածնունդը և միքելանջելոյական, հին իտալական ոճից ինչ-որ բան վերարտադրում եմ իմ մանրանկարներում։ ՈՒ սա դարձել է իմ ձեռագիրը։ Ես, իհարկե, չեմ հեռանում սկզբնաղբյուրից, հնարավորինս ուսումնասիրել եմ հայկական մանրանկարչությունը, հատկապես բարձր եմ գնահատում կիլիկյան դպրոցը։
-Լավ, մանրանկարչական նոր մոտեցումներով ինքնադրսևորվեցիր։ Ո՞րն է հաջորդ քայլը, ի՞նչ է սպասում քեզ և գործերիդ։
-Առհասարակ շատ քիչ բան է արվում, որ հայկական արվեստը, նաև մանրանկարչությունը ճանաչվեն աշխարհում։ Որ ճանաչեն հայկական արվեստը, ընդունեն և հարգեն հայի տեսակը։ Ես իմ համեստ լուման եմ ներդնում այդ ծրագրում։ Ժամանակն այսօր իր պահանջներն է թելադրում։ Բացի սա, օտարներից շատերն այնքան էլ լավ չեն կողմնորոշվում հայկական մանրանկարչության մեջ։ Եվ նրանց համար նախապես ավելի ընդունելի, հասկանալի է փոփոխված, նորամուծություններով լրացված տարբերակը։ Ինչպես, օրինակ, էթնոջազի պարագայում է։ Նորը, արդիականն ուղեցույց են դեպի սկզբնաղբյուրը։
-Ահա «Մուտք Երուսաղեմ» հռչակավոր մանրանկարը։ Ի՞նչն է քո տարբերակում ձևափոխվել։
-Նկարի ներքին հատվածում, բնօրինակում մարդիկ էին։ Իմ տարբերակում սատանաներ են։ Մարդիկ դժոխքում վերափոխվում են սատանայի։ Նույնքան զազրելի են, նույնքան վանող էությամբ։ Սակայն, կանխելով Ձեր հարցը, ասեմ, որ հայկական մանրանկարչության մեջ առկա են մի քանի կանոններ, որոնք անխախտ են։ Այս ոճով (եթե կարելի է սա ոճ անվանել) առայժմ միայն ես եմ աշխատում։
-Այնուամենայնիվ, ինձ (հավանաբար, շատերին էլ) ինչ-որ անհանգստություն է պատում նորաբնույթ այս մանրանկարները դիտելիս։ ՈՒ, որպես ասվածի հետևություն, հարցս. արվեստաբաններն ու արվեստի տեսաբաններն ինչպե՞ս են արձագանքել։
-Ասեմ ամենակարևորը. իմ աշխատանքն ընդունվեց մեր եկեղեցում։ Անգամ հրավեր ստացա մանրանկարչություն դասավանդելու Հայորդաց տներից մեկում, ցավոք, ժամանակի սղության պատճառով առայժմ չեմ դասավանդում։ Անգամ ձեռք բերված մանրանկարներից մեկը նվիրվել է Վեհափառ հայրապետին։ ՈՒ մի՞թե սա բարձրագույն գնահատական չէ։
-Մտավախությունս մասամբ անցավ։ Ինչո՞վ է, սակայն, այն տարբերվում, ասենք, բյուզանդական մանրանկարչությունից։
-Կան կանոնական մոտեցումներ, որոնք անխախտ են և, ի վերջո, կա ազգային հոգեմտակերպ։ Այնպես որ, բազմաթիվ օտարերկրացիներ, ձեռք բերելով նորօրյա այս մանրանկարները իրենց տանը կամ աշխատավայրում, այսպես թե այնպես, հայկական մշակույթի ներկայություն են ունենում։
-Մենք սկսեցինք կանոնակարգել մանրանկարչությունը։ Բայց ահա ռուսների մոտ, օրինակ, լուրջ գիտական-արվեստաբանական միտքը չի ընդունում սրբապատկերների քննարկումը կամ վերլուծությունը։ Կարծում են, որ սրբապատկերի առջև հավատացյալը պիտի խաչակնքի և աղոթի։
-Իհարկե, պետք է աղոթել։ Պատկերը, իր գեղագիտական-գաղափարական ասելիքից զատ, մաքրամաքուր էներգետիկան պիտի ունենա։ Պիտի իր երկնային շունչն ունենա։ Ես ստեղծագործելիս հաճախ եմ աղոթում, և դա ինձ անչափ օգնում է, հնարավորություն է ընձեռում մաքրված ներաշխարհով վրձինը ձեռքս առնելու։
-Դրսում ի՞նչ արձագանք է ունեցել այս ոչ այնքան սովորական ստեղծագործությունը։
-Նախ, երկու ցուցահանդեսի եմ մասնակցել Բեյրութում` «NOAH’S ARK» ցուցասրահում` 2001-ին և 2002-ին։ Ի դեպ, ցուցադրություն է կազմակերպվում նաև Մարսելի հայկական եկեղեցում։ Ասել է` ինչ-որ չափով նպաստում եմ հայկական կերպարվեստի վիթխարի ժառանգության հանրահռչակմանը։ Իսկ դա չափազանց կարևոր է. մեր մշակույթն առհասարակ և մանրանկարչությունը, կերպարվեստը` մասնավորապես, աշխարհում գրեթե անհայտ են։
Զրուցեց Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1174

Մեկնաբանություններ